Ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը. պարզաբանում է իրավաբանը

03-06-2020

Ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը. պարզաբանում է իրավաբանը

«Ժամանակավոր անաշխատունակության ու մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

«Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից»,-նշում է Գայանե Գևորգյանը:

 
 
 

Նրա խոսքով, եթե վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից:

«Եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը (հղիության 210-րդ օրը) մինչև 2020թ. հունվարի 1-ն է, ապա մայրության նպաստի չափը կկազմի 126,600 դրամ, իսկ եթե 2020թ. հունվարի 1-ն է կամ դրանից հետո` 156,000 դրամ»,-ասաց իրավաբանը

ՀՀ կառավարության 06․03․2014թ․ N 275-Ն որոշմամբ և 2020թ․ դրանում կատարված փոփոխությամբ՝ 2020թ․ հուլիսի 1-ին կամ դրանից հետո ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի`երեխայի ծնվելու կապակցությամբ տրամադրվում են նաև․

 
 
 

ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում` երեք հարյուր հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` երեք հարյուր հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ։