Համայնքներում ինքնակառավարման սկզբունքները
18-05-2020
Հանրապետության ողջ տարածքի 1000 բնակավայրերում 1996թ. Նոյեմբերի 12-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Բնակավայրերում կազմավորվեցին 931 համայնքներ, որտեղ ունեցանք համայնքի ավագանի և համայնքի ղեկավար:
Որպեսզի հասկանանք համայնքի կազմավորման սկզբունքներն նախ անհրաժեշտ է սահմանենք ինչ է տեղական ինքնակառավարումը, համայնքը, համայնքի վարչական տարածքը:
Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:
Ինչ է համայնքը՝ համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրությունն է և վարչատարածքային միավոր: Համայնքի բնակիչն այն անձն է, որը հաշվառված է տվյալ համայնքի բնակչության հաշվառման ռեգիստրում: Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է:
Ինչ կարող ենք հասկանալ համայնքի վարչական տարածք ասելով: Այն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքներ, որոնց սեփականատեր կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, Հայաստանի Հանրապետությունը:
Համայնքները, դրանց վարչական սահմանների նկարագրությունը և սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանվում են օրենքով:
Համայնքի ավագանին ներկայացուցչական մարմին է և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ՀՀ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորություններ: Ընդունում է իրավական ակտեր, որոնք ապահովում են առանձին բնագավառներում համայնքում կատարվելիք գործառույթների իրավական հիմնավորումը, ինչպես նաև իրականացնում օրենքով իրեն վերապահված վերահսկողական ֆունկցիան գործադիր մարմնի կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ:
Համայնքի ղեկավարը (քաղաքային համայնքներում՝ քաղաքապետը, գյուղական համայնքներում՝ գյուղապետը ) պաշտոնապես ներկայացնում է համայնքը պետական կառավարման տարբեր ատյաններում: Նա ձևավորում է համայնքի աշխատակազմ, ովքեր իրականացնում են համայնքի ղեկավարի, որպես համայնքի գործադիր մարմնի ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքով և այլ օրենքներով նախատեսված լիազորություններ: